10 հուլիսի 2012 - 16:11 AMT
ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

2012 թ. հուլիսի 10-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորմանտոկոսադրույքը` 8%: 2012 թ. հունիսին արձանագրվել է 1.3% գնանկում, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 0.7%` դեռևս պահպանվելով տատանումների թույլատրելի միջակայքից ցածր մակարդակում:

Խորհուրդն արձանագրեց, որ 2012 թ. երկրորդ եռամսյակում արտաքին հատվածում արձանագրված փաստացի միտումները հիմնականում համահունչ են եղել Դրամավարկային քաղաքականության երկրորդ եռամսյակի ծրագրի բազային սցենարին, այն է` կանխատեսվող հորիզոնում ոչ գնաճային ճնշումների ակնկալիքներ: Եվրամիության պարտքային հիմնախնդիրների սրման և համաշխարհային պահանջարկի աճի տեմպերի դանդաղման սպասումների շարունակման պայմաններում կանխատեսվող հորիզոնում կպահպանվի հիմնական հումքային ու պարենային ապրանքների միջազգային շուկաներում ձևավորված գնանկումային միջավայրը, թեև ցորենի միջազգային շուկայում դիտվել է գների որոշակի աճ` պայմանավորված ցորենի համաշխարհային բերքի ծավալների կրճատմամբ, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը:

Խորհուրդը գնահատեց, որ կանխատեսվող հորիզոնում ներքին գների վրա ՀՀ տնտեսության զարգացումներից ակնկալվող ազդեցությունը կլինի փոքր ինչ գնաճային, քանի որ արդյունաբերության և ծառայությունների ոլորտների թողարկման ծավալների առավել արագ աճի տեմպերով պայմանավորված տնտեսական ավելի բարձր աճը հիմնականում կանդրադառնա համախառն պահանջարկի խթանման, ինչպես նաև մասնավոր սպառման առավել արագ տեմպերով աճի վրա` արտահայտվելով գնաճային դրսևորումներով: Հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը գների վրա կանխատեսվող հորիզոնում գնահատվում է չեզոք:

Հաշվի առնելով արտաքին և ՀՀ տնտեսությունների իրար փոխադարձ չեզոքացնող ազդեցությունները ներքին գների վրա, ինչպես նաև այն, որ հունիսին ևս շարունակվել են դրամի արժեզրկման միտումները, որը դրամավարկային պայմանների արդեն իսկ թուլացում է, խորհուրդը որոշեց ձեռնպահ մնալ վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխումից: Դա հիմնավորվում է նաև նրանով, որ 12-ամսյա գնաճի վերջին ամիսներին ձևավորված ցածր մակարդակն առավելապես պայմանավորված է եղել գյուղմթերքների գների անկման ընդգծված սեզոնայնությամբ, որի պարագայում 12-ամսյա բնականոն գնաճը պահպանվում է գնաճի նպատակային ցուցանիշի սահմաններում:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հուլիսի 20-ին հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):