27 հոկտեմբերի 2004 - 18:19 AMT
ԲԱՔՈՒՆ ՍՊԱՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԽԱՂԱՂ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ադրբեջանական կողմը սպասում է Երեւանի պատասխանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը շարունակելու համար: Այդ մասին, ինչպես հաղորդում է Day.az-ը` վկայակոչելով «Թրենդ» գործակալությանը, հոկտեմբերի 26-ին լրագրողներին է հաղորդել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նա հիշեցրել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների չորրորդ հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին Պրահայում, որից հետո խորհրդատվությունների արդյունքները զեկուցվել են նախագահներին, որոնք հանդիպել են սեպտեմբերի 15-ին Աստանայում: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի խոսքերով, Աստանայում թայմ-աութ է վերցրել «անցկացված հանդիպումների արդյուքները եւ երկու երկրների ԱԳՆ ղեկավարների մակարդակով կարծիքների փոխանակությունը վերլուծելու համար»: «Այժմ մենք սպասում ենք, թե երբ եւ ինչպիսի մտքերով նրանք կվերադառնան բանակցային գործընթացին, -ասել է Է.Մամեդյարովը:-Մենք կցանկանայինք, որ այն պայմանավորվածությունները, կարծիքների այն փոխանակումը եւ այն եզրակացությունները, որոնց մենք հանգել ենք որոշակի ոլորտներում, շարունակվեին»: