15 մարտի 2003 - 19:47 AMT
ՄԱՄՈՒԼՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՍԵՆԱՏՈՐՆԵՐԻ Ս. ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆՈՂ ՆԱՄԱԿՆԵՐԸ ԿԵՂԾԻՔ ԵՆ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ԱԳՆ-Ն
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը կեղծում է անվանել վերջերս հայկական ԶԼՄ-ներում հրապարակված Կալիֆորնիայի նահանգապետ Գռեյ Դեւիսի եւ կալիֆորնիացի մի քանի սենատորների նամակները ՀՀ նախագահական ընտրություններում թեկնածու, Հայաստանի ժողովրդկան կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի օգտին: «Արմինֆո» գործակալության հաղորդագրության համաձայն, լրագրողների հետ զրույցում նա հաղորդել է, որ Հայաստանի ԱԳՆ-ն հատուկ դիմել է Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վալերի Մկրտումյանին նման նամակների առկայության փաստը ճշտելու խնդրանքով: Նախնական պատասխանը Լոս Անջելեսից վկայում էր այն մասին, որ իրականում նման նամակներ գոյություն չունեն: Սակայն մարտի 12-ին մամուլում հրապարակվեցին վերոհիշյալ նամակների պատճեները: Դրանք ուղղվել էին վերը նշված սենատորների գրասենյակներ, որտեղից պատասխան է եկել նամակների կեղծ լինելու մասին: ԱԳՆ մամլո քարտուղարը հայտարարել է, որ նման կարգի պաշտոնյաները սովորություն չունեն առանձնացնել կամ շնորհավորել ինչ-որ երկրում տեղի ունեցող ընտրությունների մասնակիցներին` ավելացնելով, որ իր տվյալներով, նրանք մտադիր են հայցով դիմել դատարան: «Նման կեղծումները բացասական ազդեցություն են գործում Հայաստանի միջազգային հեղինակության վրա», նշել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղարը: