12 հուլիսի 2012 - 12:33 AMT
Աղջիկների և տղաների համար ամուսնության միևնույն տարիք կսահմանվի՝ 18 տարեկանը

Ընտանեկան օրենսգրքում աղջիկների և տղաների համար ամուսնության միևնույն տարիք սահմանելը, այն է` 18 տարին լրանալը, բխում է գենդերային անհավասարությունները վերացնելու անհրաժեշտությունից: Այդ մասին այսօր` հուլիսի 12-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` կառավարության հավանությանը ներկայացնելով օրենսդրական փոփոխություններ ենթադրող համապատասխան նախագիծ:

Նշենք, որ գործող ընտանեկան օրենսգրքով աղջիկների ամուսնական տարիք է սահմանված 17 տարեկանը, իսկ տղաների համար` 18 տարեկանը:

Ըստ Հ. Թովմասյանի` միջազգային կազմակերպությունները վաղուց են հորդորում Հայաստանի իշխանություններին` վերացնել այս գենդերային անհավասարությունը: Բացի այդ` դեր են խաղացել այլ դրդապատճառներ ևս:

Նախ`դպրոցական կրթությունը նախկին 10 տարվա փոխարեն սահմանվել է 12 տարի: Այսինքն` աղջիկները 17 տարեկանում դեռևս դպրոցական են, ինչը նպատակահարմար չի դարձնում ամուսնությունը: Երկրորդ` առկա է առողջապահության նախարարության եզրակացությունն այն մասին, որ կանանց վաղ տարիքում հղիությունը մի շարք առողջական խնդիրներ է առաջացնում հետագայում: