12 հուլիսի 2012 - 15:56 AMT
Երևանում ելույթ կունենա Նիկոլյա Սարկոզիի որդին` DJ MOSEY-ը

Ֆրանսիայի ազգայի տոնի առիթով Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Modd Events հայ-ֆրանսիական կազմակերպությունը յուրահատուկ նվեր են մատուցում մեր երիտասարդներին:

Հուլիսի 14-ին, ժամը 19:00-ին, «Սիրահարների այգում» ելույթ կունենա Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլաս Սարկոզիի որդին՝ Պիեր Սարկոզին, նույն ինքը DJ MOSEY-ը: Նախագահի տղա լինելու փաստը մեծ բացահայտում դարձավ երաժշտական աշխարհում և ընդունվեց շատ հակասական կերպով, քանի որ բոլորը չէին, որ կիսում էին նրա հայրիկի քաղաքական հայացքները և վարած քաղաքականությունը: Թեև քաղաքական գործիչ հայրն այնքան էլ ոգևորված չէ նորարարական երաժիշտ որդու գործունեությամբ, սակայն դա չի խանգարում երիտասարդին շոու բիզնեսի աշխարհում իր հաստատուն քայլերն անել: 2010 թվականին թողարկվել է նրա առաջին ձայնասկավառակը, որն իր մեջ ներառում է տարբեր երկրների աստղերի հետ հաջողված համատեղ պրոեկտներ:

Պիեր Սարկոզին վերջին մի քանի տարիների ընթացքում համաշխարհային բարձրաշխարհիկ երեկույթների հաճախակի և սպասված հյուրն է դարձել:Արդեն մի քանի տարի է նա ներկայանում է House, Electro, French House, Nu Disco, Soul, Hip Hop, RnB ոճերով, ինչպես նաև հանդիսանում է երաժշտական պրոդյուսեր:

Անմոռանալի և թեժ երեկոն հայաստանցիների և մեր երկրի հյուրերի համար ապահովված է: Մուտքը առանց տոմսերի: Բացօթյա համերգին կհետևի AfterParty-ն, որը կկայանա “KAMI” ակումբում:

Երեկոյի առաջին մասում բարձր տրամադրություն և դրական լիցքեր կփոխանցեն DJ Vakcina-ն, Arni Rock-ը և Haik Solar-ը, հայտնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: