30 հոկտեմբերի 2004 - 20:22 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԲԱԶՄԱՇԵՐՏ ԵՎ ԲԱԶՄԱԲԵՎԵՌ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂԻՈՎ ԸՆԹԱՆԱ
Հայաստանի ազգային անվտանգության ապահովման համար առաջնային են բազմաշերտ ու բազմաբեւեռ փոխհարաբերությունները տարբեր կառույցների եւ պետությունների հետ` գերապատվություն տալով բացառապես պետական շահերին: Այս մասին այսօր հայտնել է ՀՀ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը: Նրա խոսքերով` անհրաժեշտ է նորմալ փոխհարաբերություններ պահպանել ինչպես հարեւան երկրների, այնպես էլ Ռուսաստանի, Եվրամիության, ԱՄՆ-ի, նաեւ ՆԱՏՕ-ի հետ: Նախագահի խորհրդականը հայտնել է նաեւ, որ Ազգային անվտանգության ինստիտուտի կայացման գործընթացը գտնվում է ակտիվացման փուլում, եւ շուտով կընդունվի հանրապետության անվտանգության հայեցակարգ, որը կքննարկվի խորհրդարանի կողմից: Անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 59-րդ նստաշրջանի օրակարգում Բաքվի նախաձեռնությամբ «Ադրբեջանի օկուպացված տարածքների առնչությամբ իրավիճակի մասին» հարցի ընդգրկմանը, Գ.Իսագուլյանը նշել է, որ փաստաթղթին կարելի է հակադրել մեկ այլ հարց` «Շահումյանի եւ Գետաշենի իրավիճակների մասին, որտեղ հիմնականում բնակվել են հայեր, իսկ այժմ առկա են ժողովրդագրական փոփոխություններ. այնտեղ չի գտնվի ոչ մի հայ»: