15 մարտի 2003 - 18:08 AMT
ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՄՔ ԿԴՐՍԵՎՈՐԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս ունեն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները քաղաքական կամք կդրսեվորեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման համար: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արկա» գործակալությունը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Էլիզաբեթ Ջոնսը` օրերս հանդես գալով Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում զեկույցով` ամերիկա-եվրոպական կապերը թեմայով: Նրա խոսքերով «այս տարին Հայաստանում եւ Ադրբեջանում նախագահական ընտրությունների ժամանակ է, այդ պատճառով էլ կողմերից ոչ մեկը համաձայն չի գնալ բարդ փոխզիջումների, որոնք անհրաժեշտ են ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում»: Պետքարտուղարի օգնականը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համապարփակ եւ երկուստեք ընդունելի լուծման որոնումը: Անվանելով Կովկասը եւ Կենտրոնական Ասիան դեպի արեւելք ընդլայնվող ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության «նոր հարեւաններ»` Է.Ջոնսը նշել է, որ ԱՄՆ-ն ձգտում է ավելի ակտիվ աշխատել այդ պետությունների հետ ՆԱՏՕ-ի մերձեցման համար, որոնք գտնվում են միջազգային ահաբեկչության դեմ պատերազմի առաջնային գծում: «Այդ պետությունները Եվրոպայի կայուն, ժողովրդավարական եւ զարգացող անդամներ դարձնելու համար, ԵՄ-ն պետք է ցուցաբերի ինչպես քաղաքական, այնպես էլ` ֆինանսական օգնություն այնտեղ ընթացող բարեփոխումներին»,-ասել է է. Ջոնսը: