19 հուլիսի 2012 - 15:03 AMT
ՎԶԵԲ-ը վերանայել է ՀՀ տնտեսության վերաբերյալ կանխատեսումը, ավելացնելով այն մինչև 4,5 տոկոս

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) վերանայել է տնտեսության աճի վերաբերյալ Հայաստանի գծով իր կանխատեսումը՝ դեպի ավելացում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Վալեիրու Ռազլոգը: « Հայաստանի վերաբերյալ կանխատեսումների բարձրացումը պայմանավորված է գործընկեր երկրների, մասնավորապես Ռուսաստանի վերաբերյալ, առավել լավատեսական սպասելիքներով: Մենք ակնկալում ենք, որ դա դրական ազդեցություն կունենա Հայաստանի վրա»,-ասել է նա:

Ռազլոգը հավելել է, որ նոր կանխատեսումը Հայաստանի վերաբերյալ կազմում է 4-4,5 տոկոս աճ մինչև տարեվերջ, ինչը նաև ՀՀ կառավարության հարկաբյուջետային և հակաճգնաժամային քաղաքականության իրականացման արդյունք է, ինչպես նաև ԿԲ դրամավարկային քաղաքականության արդյունք: «Դա թույլ է տալիս պնդել, որ վատագույն մտավախությունները ետևում են, ուստի մենք վերանայեցինք մեր կանխատեսումը դեպի բարձրացում»,-ասել է նա:

Այնուամենայնիվ, նշել է Ռազլոգը, ՎԶԵԲ-ը ուշադիր կհետևի զարգացումներին ինչպես երկրի ներսում, այնպես էլ համաշխարհային շուկայում: