«Արարատբանկ» ԲԲԸ-ն և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հուլիսի 19-ին Երևանում ստորագրեցին 7 մլն դոլար արժողությամբ վարկային պայմանագիր, որը ստորագրել են բանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանն ու ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը:
«Այս վարկային ծրագրի առանձնահատկությունն այն է, որ միջոցների ներգրավումն իրականացվում է ազգային դրամով, ինչը համապատասխանում է երկարաժամկետ վարկավորման վերաբերյալ հաճախորդների պահանջին»,-ասել է Ռազլոգը: Նա հայտնել է նաև, որ այդ վարկից 1 մլն դոլարը կուղղվի ագրոբիզնեսի շղթայի վարկավորմանը:
Իր հերթին Աշոտ Օսպիյանը հավելեց, որ բանկը ձեռնամուխ է եղել գյուղատնտեսության վարկավորման փորձնական ծրագրի իրականացմանը, որն այժմ «հետաքրքրում է մեզ»: Ըստ նրա, դրան ուղղված կլինի ընդհանուր առմամբ 3 մլն դոլար: Նա նաև շնորհակալություն հայտնեց ՎԶԵԲ մասնագետներին տեխնիկական աջակցության համար, ինչը թույլ կտա վարկերը տրամադրել ազգային դրամով, իսկ դա իր հերթին թույլ կտա բանկի վարկառուներին խուսափել արժութային ռիսկերից:
Աշոտ Օսիպյանը հայտնեց, որ վարկերը կտրվեն միջինը 14-15 տոկոս տարեկան տոկոսադրույքով, 5 տարի մարման ժամկետով կապիտալ ներդրումների դեպքում, և 3 տարով շրջանառու միջոցների դեպքում: