Նարեկացի արվեստի միությունում այսօր պարգևատվեցին «Էներգիան և շրջակա միջավայրը» միջազգային կրթական մրցույթի հաղթողները:
Մրցույթը կազմակերպվում է արդեն հինգերորդ տարին «Տապան» էկոակումբ հասարակական բնապահպանական կազմակերպության կողմից, իսկ այս տարի մրցույթի կազմակերպմանը միացել է նաև ԿԳ նախարարությունը:
Կազմակերպության տնօրեն Հրանտ Սարգսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց, որ մրցույթին ուսուցիչները մասնակցում են իրենց նորարար՝ ավելի արդյունավետ բնապահպանորեն կրթող մեթոդաբանությամբ ու ծրագրերով, իսկ աշակերտները՝ էներգիայի և ռեսուրսների խնայմանն ուղղված իրենց տեսական և գործնական աշխատանքներով:
Աշխատանքները գնատահել են կրթության և գիտության, բնապահպանության, «Ալտերնատիվ էներգետիկայի և էներգախնայողության» հիմնադրամի և «Հայկական բուսաբանական ընկերություն» ՀԿ-ի պատասխանատու ներկայացուցիչները, ովքեր էլ հանձնեցին մրցանակները հաղթողներին:
Մրցույթին մասնակցության հայտեր էին ներկայացրել Հայաստանի 7 մարզերի դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ, ներկայացվել էր 50 մրցանակային աշխատանք:
Դրանցից 15-ը արժանացան մրցույթի հանրապետական փուլի, իսկ մեկը՝ միջազգային փուլի մրցանակներին:
ԿԳՆ նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի պետ Կարինե Ալեքսանյանը, ով նույնպես ժյուրիի անդամ է, նշեց, որ մրցույթին ներկայացված աշխատանքներում ընտրությունը շատ մեծ չի եղել, սակայն սակավաթիվ աշխատանքների մեջ էլ եղել են ուշագրավ աշխատանքեր. «Հիմնականում ընտրելիս հաշվի ենք առել, թե որքանով է ներկայացրած աշխատանքը կիրառելի և էներգախնայող, որքանով է հետագայում աշխատանքը կիրառելի և իրականանալի»: