19 հուլիսի 2012 - 17:29 AMT
Հրանուշ Հակոբյանը և Քուվեյթի դեսպանը քննարկել են «Քուվեյթահայ համայնքի օրեր» իրականացնելու ծրագիրը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից, նախարարն ու դեսպան Ալ-Քաբանդին քննարկել են Երևանում «Քուվեյթահայ համայնքի օրեր» ծրագիր իրականացնելու, քուվեյթահայ համայնքի պատմության մասին գրքի տպագրության, «Հայերի հետքը Քուվեյթում» ֆիլմի նկարահանման հնարավորությունները:

Անդրադարձ է եղել նաև կրթական, մշակութային և տնտեսական համատեղ միջոցառումներ իրականացնելու հեռանկարներին: Դեսպան Ալ-Քաբանդին մասնավորապես նշել է, որ Հայաստանը բավականին գրավիչ է զբոսաշրջիկների համար:

Հանդիպման ավարտին կողմերը միմյանց հանձնել են հուշանվերներ: