19 հուլիսի 2012 - 18:13 AMT
Վաղն Աղավնաձորում տեղի կունենա «Արի տուն 2012» ծրագրի փակումը

Աղավնաձորի ճամբարում հուլիսի 20-ին` ժ.19:00-ին տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն 2012» ծրագրի 4-րդ փուլի փակումը:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից, ծրագրի փակմանը կմասնակցեն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պաշտոնական այլ անձինք, հյուրեր:

4-րդ փուլով Հայաստան են ժամանել 180 պատանի և աղջիկ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Բուլղարիայից, Բելառուսից, Արգենտինայից, Կիպրոսից, Վրաստանից, Հոլանդիայից, ՌԴ 15 մարզերից և Ուկրաինայից:

Անցած 14 օրերի ընթացքում արիտունցիները հասցրել են լինել Օշականում և ծաղիկներ դնել Սբ. Մեսրոպ Մաշտոցի շիրմին, այցելել են Եռաբլուր, Ծիծեռնակաբերդ, եղել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Մուղնու, Գեղարդի, Սևանա վանքերում, Նորավանքում և այլ վայրերում:

10 օր հյուրընկալ ընտանիքներում անցկացնելուց հետո պատանիներն ու աղջիկները մեկնել են Աղավնաձոր, որտեղ ճամբարային 4 օրերի ընթացքում մասնակցել են մարզական խաղ-մրցույթների, քննարկումների, բանավեճերի` արդիական թեմաներով, կինոդիտում-վիկտորինայի, արշավների` դեպի մոտակա պատմամշակութային վայրեր, ունեցել են հանդիպումներ նշանավոր մշակութային գործիչների հետ:

Միջոցառումը կուղեկցվի տոնական համերգով: