10 նոյեմբերի 2004 - 20:33 AMT
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցով Հայաստանի քաղաքականության մեջ փոփոխություն չկա: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանը` պատասխանելով այն հարցին, որ 2005 թ. համար Հայաստանի պետական բյուջեի նախագծում բացակայում է համաշխարհային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քաղաքականության իրականացման համար միջոցներ տրամադրելու հարցը: ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքերով` այդ հարցը առաջվա պես շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում: «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը միայն Հայաստանին եւ հայերին չի վերաբերում, դա համամարդկային հարց է, եւ այն չի վճռվում բյուջեի կամ, ավելի ճիշտ, բյուջեի նախագծին ուղեկցող կառավարության ուղերձի առանձին տողով», - ընդգծել է Համլետ Գասպարյանը: