11 նոյեմբերի 2004 - 22:20 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԲՅՈՒՋԵՆ ԿԲԱՐՁՐԱՑՆԻ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԸ
Հայաստանի 2005 թվականի պետբյուջեն թույլ կտա իրականացնել ամենակարեւորը` բնակչության մեջ բաշխել պետության տնտեսական աճի արդյունքները: Այս մասին նախօրեին լրագրողներին հայտնել է ՀՅԴ խմբակցության նախագահ Լեւոն Մկրտչյանը: Բյուջեն վառ արտահայտված սոցիալական ուղղվածություն ունի, ասել է նա: Հանրապետական խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանի խոսքերով` Հայաստանի հաջորդ տարվա բյուջեն կուլմինացիոն է: Նրա խոսքերով` փաստաթղթում արձանագրված դրույթները կբարձրացնեն երկու ռազմավարական ծրագրերի` աղքատության կրճատման եւ կոռուպցիայի դեմ պայքարի իրականացման արդյունավետությունը: Միեւնույն ժամանակ, ընդդիմության ներկայացուցիչների կարծիքով` բյուջեն «թույլ կտա լուծել միայն իրավիճակային խնդիրներ»: Բացի այդ, ինչպես հայտարարել է «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, դաշինքի պատգամավորները չեն մասնակցի փաստաթղթի քննարկմանը եւ քվեարկությանը: