Հուլիսի 23-ին տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի տասներեքերորդ նիստը:
Նախագահում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Կոլոկոլցևը:
Օրակարգի առաջին հարցի շրջանակում նշվեց, որ ըստ համաձայնագրի՝ կոնկրետ քայլեր են կատարվել Ռուսաստանի ՆԳՆ և Հայաստանի ոստիկանության համապատասխան ծառայությունների օպերատիվ-փնտրողական գործունեության ոլորտում: 2011 թ. և 2012 թ. առաջին կիսամյակում Ռուսաստանի տարածքում ձերբակալվել են 244 անձինք, որոնց նկատմամբ հետախուզում էր հայտարարված Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից, միևնույն ժամանակ հայկական կողմը ձերբակալել է 192 անձանց, որոնք հետախուզվում էին Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից:
2011 թ. Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն էքստրադիցիայի է ենթարկվել 37 հանցագործ: Հայկական կողմն իր հերթին այդ ընթացքում Ռուսաստանին է հանձնել 4 անձանց, որոնք որոնվում էին ռուսական իրավապահ մարմինների կողմից:
2012 թ. Հայաստանի Հանրապետություն էքստրադիցիայի ենթարկվածների թիվը 20-ն է:
Քննարկումների արդյունքում ստորագրվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության համատեղ որոշում այդ հարցի վերաբերյալ:
Օրակարգի երկրորդ հարցի քննարկման ընթացքում հաստատվեց Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի հերթական նիստի օրակարգը և անցկացման ժամկետները: Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի հաջորդ նիստը տեղի կունենա 2013 թ. հուլիսին, Ռուսաստանի Դաշնության տարածքում: