Արգենտինահայերը Բուենոս Այրեսում բողոքի ակցիա են կազմակերպել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի Հարավային Ամերիկա այցի դեմ: Տասնյակ արգենտինահայեր դուրս են եկել փողոց ՀՀ և Արցախի դրոշներով, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատող պաստառներով` կոչ անելով դատապարտել Ադրբեջնի ցեղասպան և այլատյաց քաղաքականությունը:
Մամեդյարովի այցը մեծ արձագանք է ստացել նաև սոցցանցերում: Ինչպես գրում են Facebook-ի արգենտինաբնակ օգտատերերը, այս այցը խայտառակություն է Արգենտինայի համար և ուղղակիորեն կապված է Արգենտինայի վարած արտաքին քաղաքականության հետ, որին կես տարի առաջ իր ձայնը տվեց բնակչության 54 տոկոսը, որոնց մեծամասնությունն արդեն իսկ հիասթափված է նոր իշխանությունների գործողություններից:
Ավելի վաղ Արգենտինայի և Ուրուգվայի հայկական կազմակերպությունները ԶԼՄ-ներում հրապարակումների ու անմիջական շփումների միջոցով հիշեցրել են այդ երկրների կառավարություններին Ադրբեջանի հակահայկական ու ռազմատենչ քաղաքականության մասին, որը նա վարում է ամբողջ աշխարհում:
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը Հարավային Ամերիկայում շրջագայության ժամանակ մտադիր է այցելել Կոլումբիա, Պերու, Արգենտինա ու Ուրուգվայ: Այցի հիմնական նպատակն է նոր շուկաների որոնումը տնտեսական կապերի ընդլայնման համար: