Մինսկի օդանավակայանում պահվող Ահարոն Շահինյանին, որին հուլիսի 26-ից թույլ չեն տալիս մուտք գործել Բելոռուսիայի տարածք, վերջապես սնունդ են տրամադրել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Ահարոն Շահինյանի որդին` Արմենը: Նրա խոսքով` հոր գործով այլ նորություններ առայժմ չկան:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է PanARMENIAN.Net-ը, Ահարոն Շահինյանին, որը հուլիսի 26-ին մեկնել էր Երևան-Մինսկ չվերթով, թույլ չեն տվել մուտք գործել Բելոռուսիա` պատճառաբանելով, թե նա գտնվում է Ռուսաստանի կողմից բելոռուսական կողմին տրամադրված սև ցուցակում: Այժմ Շահինյանը օդանավակայանի տարածքում է, որտեղ սպասում է բելոռուս սահմանապահների կողմից Հայաստան ուղարկված հարցման արդյունքներին:
Արմեն Շահինյանը հաղորդել է, որ Հայաստանի ԱԳՆ է դիմել, որտեղ իրեն ասել են, որ անհրաժեշտ է բելոռուսական կողմի գրավոր բացատրություն, թե ինչու իր հորը չի թույլատրվում մուտք գործել Բելոռուսիայի տարածք, որից հետո մեր ԱԳՆ-ը կկարողանա այդ հարցով դիմել բելոռուսական կողմին:
Ինչ վերաբերում է Հայրենիք վերադառնալուն, ապա, Արմեն Շահինյանի խոսքով, բելոռուսական կողմը հրաժարվում է վերադարձնել հորը պետության հաշվին, այլ առաջարկում է վերադառնալ սեփական միջոցներով: «Դրա հետ մեկտեղ մոտակա չվերթը տեղի կունենա միայն այս կիրակի»,- նշել է նա: