Այսօր` հուլիսի 28-ին ողջ աշխարհը նշում է հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը:Վիրուսային հեպատիտները աշխարհի բազմաթիվ երկրների առողջապահության գերակա խնդիրներից են: Առավել տարածված են Ա, Բ, Ց, Դ և Ե հեպատիտները: Տարեկան աշխարհում արձանագրվում է վիրուսային հեպատիտ Ա-ի շուրջ 1,4 միլիոն դեպք: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ` երկրագնդի բնակչության շրջանում հեպատիտ Բ-ի վիրուսակրությունը 2-7% է, որոնցից 240 միլիոնը հիվանդ են հեպատիտ Բ-ի քրոնիկ ձևերով: Յուրաքանչյուր տարի շուրջ 600 հազար մարդ մահանում է սուր կամ քրոնիկ հեպատիտ Բ-ի հետևանքներից: Քաղցկեղի առաջացման տեսանկյունից հեպատիտ Բ-ի վիրուսը գրավում է 2-րդ տեղը` ծխելուց հետո: Աշխարհի ազգաբնակչության 150 միլիոնից ավելին վարակված են հեպատիտ Ց-ով և տարեկան հայտնաբերվում է 3-4 միլիոն վարակի նոր դեպք: Յուրաքանչյուր տարի շուրջ 350 հազար մարդ մահանում է հեպատիտ Ց-ի հետևանքներից:
Հեպատիտ Ա-ի և Բ-ի համար առկա են պատվաստանյութեր, իսկ հեպատիտ Ց-ի պատվաստանյութի ստեղծմանն ուղղված աշխատանքներն աշխարհում դեռևս շարունակվում են: Այս հիվանդությունների կանխարգելումը և բուժումը զգալի ներդրումներ են պահանջում, որի հետևանքով բազմաթիվ երկրներում այն շարունակում է հիմնախնդիր մնալ: Վիրուսային հեպատիտների բեռը, առողջությանը և տնտեսությանը հասցրած վնասը նշանակալի է աշխարհի բազմաթիվ երկրների համար:
2010 թվականի մայիսի 21-ին Առողջապահության համաշխարհային 63-րդ վեհաժողովի ժամանակ ընդունված վիրուսային հեպատիտների, մասնավորապես` Բ-ի և Ց-ի մասին որոշումը (ռեզոլուցիա) ՀՀ առողջապահության նախարարությունն ընդունել է որպես ղեկավար փաստաթուղթ և իր հետագա աշխատանքներն իրականացրել և իրականացնում է այդ համատեքստում: