Սույն թվականի հունիսի 29-ին՝ կիրակի օրը, «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպում է բողոքի ակցիա Խոսրովի արգելոցում, որի ընթացքում այց կկատարվի «Գիլան»-ի հատվածում «Հովազաձոր» ՍՊԸ-ի կողմից կառուցված սրճարանային շինությունը։ Ակցիայի ընթացքում մանրամասն կներկայացվի արգելոցում զվարճանքի համար նախատեսված կառուցապատման խնդրի պատմությունը, կհնչեն փորձագիտական կարծիքներ, կլինեն ելույթներ քաղաքացիական ակտիվիստների կողմից, ասվում է նախաձեռնության հաղորդագրության մեջ:
Նախաձեռնության անհապաղ պահանջներն են ՀՀ կառավարությունից` ի դեմս ՀՀ բնապահպանության նախարարության.
1) Ապամոնտաժել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում կառուցված քարե շինությունը:
2) Դադարեցնել «հակահրդեհային ճանապարհների» անվան տակ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացվող ճանապարհաշինությունը:
3) Պատասխանատվության կանչել բոլոր այն պաշտոնատար անձանց, ում մասնակցությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի որոշակի հատվածի պահպանման ռեժիմը փոփոխվել է «Գիլան» կոչվող արգելավայրի և այդ տարածքում զվարճանքի օբյեկտ կառուցելու թույլտվություն է տրվել:
4) Պարտավորեցնել նշյալ պաշտոնատար անձանց և կառուցապատումն իրականացնող «Հովազաձոր» ՍՊԸ-ին փոխհատուցել բոլոր այն վնասները, որոնք պետք է առաջանան քարե շինությունը (օբյեկտը) ապամոնտաժելու և «Խոսրովի անտառ» պետական արգելոցն իր նախկին վիճակին բերելու ընթացքում:
5) «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքում` արգելոցային ռեժիմը համապատասխանեցնել Հայաստանի մասնակցությամբ միջազգային պայմանագրերի չափանիշներին, այդ կապակցությամբ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ և այդ գործընթացին մասնակից դարձնել նաև շահագրգիռ կողմիս:
Խումբը շարժվում է Երևանից, Բարեկամության մետրոյի մոտից, առավոտյան ժամը 8:00-ին: Ակցիային մասնակցելու պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ. http://www.facebook.com/events/169204533214112