30 հուլիսի 2012 - 17:31 AMT
Այս տարի առաջին անգամ ուսանողների փոխանակման ծրագրով Հայաստան կայցելի 15 չինացի ուսանող

Հայաստանի և Չինաստանի միջպետական համաձայնագրի շրջանակներում հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված 28 ուսանողներ այսօր ստացան շկրթաթոշակներ`Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար: Կրթաթոշակները ուսանողներին հանձնեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը , ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունը և ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը: Ուսանողներին բարձր առաջադիմություն մաղթելով` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ այս տարի ամենաշատ տեղերը հայ ուսանողների համար հատկացրել է Չինաստանը: Սա ըստ նախարարի, վկայում է հայ երիտասարդների` Չինաստանի մշակույթին ու քաղաքակրթությանը ծանոթանալու և չինական բուհերում սովորելու մեծ հետաքրքրության և ձգտման մասին: «Վերջին տարիներին կրթության ոլորտում իրականացված լայնածավալ բարեփոխումների արդյունքում աշխարհի բարձրակարգ բուհերի շարքում իրենց տեղն ունեն նաև Չինաստանի բուհերը, և պատահական չէ, որ տարեցտարի վերոնշյալ բուհերում սովորել ցանկացող հայ երիտասարդների թիվն ավելանում է»,- ասել է նախարարը:« Դուք մեր դեսպաններ ենք արտերկրում և որպես միջազգային կրթաթոշակակիրներ` պարտավոր եք պատվով ներկայացնել մեր երկիրը: Ձեր ցուցաբերած բարձր առաջադիմության և վարքագծի շնորհիվ է նաև, որ արտերկրում պատկերացում են կազմում Հայաստանի մասին: Հավաստիացնում եմ , որ հայրենիք վերադառնալուց հետո դուք կգտնեք համապատասխան աշխատանք, որովհետև որակյալ մասնագետը միշտ էլ պահանջված է լինում», -ասել է Արմեն Աշոտյանը և հավելել, որ այս տարի առաջին անգամ ուսանողների փոխանակման ծրագրով Հայաստան կայցելի 15 չինացի ուսանող: Նախարարը ներկաներին տեղեկացրել է ևս մեկ հայ-չինական նախագծի մասին• մոտ ապագայում նախատեսվում է Երևանում բացել միջազգային չափանիշներին համապատասխան չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց:

Դեսպան Թիան Չանչունը, շնորհակալություն է հայտնել երիտասարդներին չինական բուհերն ընտրելու համար, և հույս հայտնել, որ նրանք իրենց ներդրումը կունենան հայ-չինական բարեկամության զարգացման և ամրապնդման գործում : Նշենք, որ միջպետական համագործակցության շրջանակում այսօր Չինաստանի բուհերում սովորում է շուրջ 40 հայ երիտասարդ: