Հայաստանի գերազանցության տեխնոլոգիական կենտրոնի հիմնադիր Ռիչարդ Բեզջյանը վստահ է, որ ՏՏ ոլորտը Հայաստանում առավել հեռանկարային ոլորտների հնգյակում է օտարերկրյա ներդրողների համար: Այդ մասին նա հայտարարել է լրագորղների հետ զրույցում օգոստոսի 1-ին Երևանում: «Այդ ոլորտը նաև մոտ է հայ ժողովրդի մտավոր ունակություններին»,-ասել է նա:
Կենտրոնի հիմնադիրը պատմեց, որ այն գործում է արդեն 15 տարի և նրա արտադրանքը պահանջարկ ունի ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, մի փոքր խմբաքանակ իրացվում է նաև ԱՊՀ շուկայում և տեղական շուկայում: Մեզ համար մարտահրավեր է ժամանակակից չափանիշների ներդրումը մրցունակ լինելու համար»,-ասել է նա:
Բեզջյանը հավելել է, որ իր ղեկավարած կենտրոնը համագործակցում է այնպիսի առաջատար ընկերոյթյունների հետ, ինչպիսիք են Oracle, Microsoft, IBM և այլք: «Հայկական արտադրանքը լավ դիրքեր է գրավում համաշխարհային շուկայում, սակայն, հարկավոր է ջանքեր գործարդրել, որպեսզի Հայաստանը ճանաչելի դառնա որպես բարձրակարգ ՏՏ ոլորտի արտադրանք տվող երկիր»,-ասել է նա:
Տեխնոլոգիական կենտրոնը ներառում է «Բումերանգ Սոֆթուեր» ՍՊԸ-ն, «Էներջայզեր Գլոբալ Սերվիսիզ» ՓԲ-ն և «Գալերի Սիսթեմզ» ՓԲԸ-ն: Հարկ է նշել, որ «Բումերանգ Սոֆթուերը» սփյուռքի առաջին ձեռնարկությունն է, որ գիտահետազոտական կենտրոն է բացել Հայաստանում: Վերջին 12 տարիներին ընկերությունը ծրագրավորել և շուկա է հանել մոտ 50 ծրագրեր:
«Բումերանգ Սոֆթուերն» ապահովում է ողջ գործընթացը՝ ծրագրի նկարագրություն, ծրագրավորում, արտաքին մոնտաժի դիզայն, վաճառքի ձեռնարկ, այդ թվում ապահովում է իր ապրանքի տեխնիկական աջակցությունը:
«Էներջայզեր Գլոբալ Սերվիսիզ» ՓԲ-ն ծրագրային ալահովման ընկերություն է, որը մասնագիտացած է օֆշորային ծրագրավորման և ամբողջ աշխարհում իր գործընկերներին ՏՏ ծառայությունների մատուցման մեջ: Ծրագրավորումը կատարվում է ծրագրավորման բոլոր լեզուներով, ներառյալ՝ Java, C++, C#, Assembler, Cobol և այլն:
«Գալերի Սիսթեմզ» ՓԲԸ-ն կազմակերպություն է, որը զբաղվում է միկրոսխեմաների դիզայնով: Այն մասնագիատացած է 0.35; 0.18 նանոմետր տեխնոլոգիաների դիզայնի վրա:
Կենտրոնի նորագույն մշակումներից է mobile commerce ծառայության ներդրումը ՀՀ բանկային համակարգում, որը ենթադրում է առևտուր բջջային հեռախոսի միջոցով, որի նախաձեռնողն է «Յունիբանկ» ՓԲԸ-ն Boomerang Software-ի հետ համատեղ: Նոր ծառայությունը թույլ կտա հաճախորդներին կառավարել բանկային հաշիվները, գործարքներ կատարել, վճարել հաշիվները: