7 օգոստոսի 2012 - 16:32 AMT
Ու՞ր է կորել «Համալսարանականներ» համատիրության նախագահը

2012թ. հուլիսի 24-ից Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ հետախուզում է հայտարարվել «Համալսարանականներ» համատիրության նախագահ Արմեն Թադևոսյանի և նրա գույքի նկատմամբ: Հետախուզում է հայտարարվել այն բանից հետո, երբ դատարանը 9 ամիս շարունակ չի կարողացել Արմեն Թադևոսյանին ծանուցել դատական նիստի վերաբերյալ: Ինֆորմացիայի ազատության կենտրոնից տեղեկացնում են, որ տեղեկատվություն չտրամադրելու համար կենտրոնը նոյեմբերի 11-ին դիմել էր դատարան՝ պահանջելով պարտավորեցնել «Համալսարանականներ» համատիրությանը հնգօրյա ժամկետում տրամադրել հայցվող տեղեկատվությունը:

2011թ. դեկտեմբերի 8-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` դատավոր Ա. Մելքումյանի նախագահությամբ, պետք է տեղի ունենար ԻԱԿ-ն ընդդեմ «Համալսարանականներ» համատիրության գործով առաջին դատական նիստը, որը, սակայն, 9 ամիս շարունակ չի կայանում, քանի որ դատարանը չի կարողանում դատական նիստի մասին ծանուցել պատասխանող կողմին: