ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի տան մոտ ավարտվել է ռազմական բժիշկ, մայոր Վահե Ավետյանի մահվան 40-րդ օրվան նվիրված երթը:
Հայրապետյանի տանը հասնելով` ազգագրագետ Հրանուշ Խառատյանը խոսափողի միջոցով կոչ է արել նրան համագործակցել հետաքննության հետ և օգնել գտնել միջադեպի այլ մեղավորների:
Ըստ նրա ձերբկալվել է 5 հոգի, սակայն նրանց թիվը պետք է լիներ 15:
Երթի ընթացքում փոքր ընդհարում է տեղի ունեցել երթի մասնակիցների և ոստիկանների միջև: Ցուցարարներից մեկը ցանկանում էր դուրս գալ երթով ընթացողների շարքից և մոտենալ տանը, սակայն ոստիկանները նրան թույլ չեն տվել գնալ այդ քայլին:
Հետո երթի մասնակիցները մեջքով են կանգնել Հայրապետյանի տանը և նրա դեմ ուղղված կարգախոսներ են բղավել:
Ակցիայի ավարտին ցուցարարները վառված մոմեր են թողել Հայրապետյանի տան մերձակայքում:
Աճառյան 29 հասցեում գտնվող ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի էին ենթարկվել ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը և ՊՆ ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը:
Հունիսի 29-ին, ծեծից հետո այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ՊՆ բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանը: