12 հունվարի 2005 - 19:00 AMT
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Երեկ Պրահայում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Կողմերը նաեւ առանձին հանդիպումներ են ունեցել համանախագահների հետ: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ դեռեւս վաղ է խոսել «բեկման» մասին բանակցային գործընթացում 2005 թվականի ընթացքում, թեեւ աշխատանքը տարվում է հենց այդ ուղղությամբ: Նրա խոսքերով, բանակցությունները դժվարությամբ են ընթանում: Մեկնաբանելով բանակցությունների արդյունքները «Կովկասյան հանգույցի» թղթակցին` Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Մեթին Միրզան հայտարարել է, որ կողմերի դիրքորոշումները փոփոխություն չեն կրել, սակայն նկատվում է որոշ մերձեցում: