14 օգոստոսի 2012 - 13:20 AMT
Վարդան Մինասյան. Բելառուսի հավաքականը խաղաոճով և խաղամակարդակով նման է Բուլղարիային

“Բելառուսի հավաքականը խաղաոճով և խաղամակարդակով նման է Բուլղարիային, որի հետ մենք աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում խաղալու ենք: Այդ առումով շատ հարմար մրցակից է այն մեզ համար: Աշխատելու ենք, որ կազմի առումով շատ մոտ լինենք Մալթայի խաղին, որին հանդիպելու ենք սեպտեմբերի 7-ին”,- օգոստոսի 14-ին լրագրորղների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Մարզիչը նշեց, որ հավաքականում շատ խնդիրներ կան, քանի որ վնասվածքների պատճառով բացակայում են դարպասապահ Գևորգ Կասպարովը և հարձակվող Էդգար Մանուչարյանը, իսկ կենտրոնական պաշտպաններ Ռոբերտ Արզումանյանն ու Վարազդատ Հարոյանը չեն հրավիրվել խաղային փորձի բացակայության պատճառով, Նորայր Մամեդովը դեռ չի լուծել ազգանունի հետ կապված խնդիրը:

“Հիմնական խնդիրը այս խաղի մարտավարության և կազմի որոշումն է: Մենք կենտրոնանալու ենք մեր խաղի վրա: Հավաքի մասնակցող տղաները լավ վիճակում են, նրանք ովքեր ուշ են ժամանել, թեթև մարզում են անցկացրել”,- նշեց Մինասյանը:

Օգոստոսի 15-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի ընտրանու դեմ: