11 մարտի 2003 - 21:54 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԽԽՎ ՈՐՈՇՈՒՄԸ ԿՆԴՈՒՆՎԻ ԱՊՐԻԼԻՆ
Հայաստանում նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի որոշումը կընդունվի ապրիլին` վեհաժողովի բյուրոյի նիստում: Այդ մասին «Առկա» գործակալությանը տեղեկացրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, արտաքին կապերի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Նա հաստատել է, որ երեկ Փարիզում տեղի ունեցած ԵԽԽՎ բյուրոյի նիստում քննարկվել է Հայաստանում նախագահական ընտրությունների վերաբերյալ դիտորդների զեկույցը: Ընդ որում, Հ. Հովհաննիսյանը դժվարացել է հայտնել այդ նիստի արդյունքների մասին` նշելով, որ նիստի մասին վերջնական փաստաթուղթը ստանալու են այսօր երեկոյան: Հիշեցնենք, որ մարտի 7-ին Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալթեր Շվիմերը եւ Եվրակորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիտեր Շիդերը մտահոգություն են հայտնել Հայաստանում նախագահական ընտրությունների ժողովրդավարական ընտրությունների միջազգային ստանդարտներին չհամապատասխանելու կապակցությամբ: Վ. Շվիմերը եւ Պ. Շիդերը նշել են, որ ընտրությունների ընթացքում թույլտրված խախտումները անհետեւանք չեն մնա: