21 հունվարի 2005 - 22:25 AMT
ՉԵՉՆԻԱՆ ԿԴԱՌՆԱ՞ ԴԵ-ՖԱԿՏՈ ԱՆԿԱԽ
Չեչնիայի եւ Դաշնային կենտրոնի միջեւ լիազորությունների սահմանազատման պայմանագրի նախագիծն ամբողջությամբ ավարտվել է եւ պատրաստ է ստորագրման, տեղեկացնում է «Կովկասյան հանգույց» գործակալությունը: Միաժամանակ, Չեչնիայի պետխորհրդի նախագահ Թաուս Ջաբրաիլովը հայտարարել է, որ պայմանագրի ստորագրումից հետո Չեչնիան կստանա տնտեսական եւ քաղաքական դե-ֆակտո անկախություն: Ունեցած տեղեկությունների համաձայն` Չեչնիան կարող է ստանալ ազատ տնտեսական գոտու, սեփական Ազգային բանկի ստեղծման, օտարերկրյա ընկերությունների հետ տնտեսական պայմանագրերի ինքնուրույն կնքման, բնական պաշարների օգտագործման, 2005-2015 թվականներին նավթամթերքների տեղափոխման եւ իրացման իրավունքներ: Բոլոր հարկերը կմտնեն հանրապետության բյուջե, իսկ բնակչությունը կազատվի էլեկտրաէներգիայի եւ գազի վճարումներից մոտակա տասը տարում: Բացի այդ, պայմանագրի նախագծում ընդգծվում է, որ ուժային կառույցներն իրավունք չեն ունենա խառնվել Չեչնիայի ներքին գործերին: Կարնեգիի մոսկովյան կենտրոնի գիտական խորհրդի անդամ Իգոր Մալաշենկոն «Նեզավիսիմայա գազետային» տրված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Ջ.Դուդաեւը չէր կարող նույնիսկ երազել նման պայմանագրի մասին: