3 փետրվարի 2005 - 21:31 AMT
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՈՒՂԱՐԿԵԼ ԶՈՒՐԱԲ ԺՎԱՆԻԱՅԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է ուղարկել Վրաստանի ղեկավար Միխայիլ Սահակաշվիլուն վարչապետ Զուրաբ Ժվանիայի ողբերգական մահվան կապակցությամբ: Հեռագրում մասնավորապես նշվում է. «Հայաստանում ցավով իմացան Զուրաբ Ժվանիայի ողբերգական մահվան մասին: Կիսում ենք ձեզ հետ կորստի ցավը: Զուրաբ Ժվանիան մեծ ներդրում ունի բարեկամական Վրաստանի պետականության կայացման եւ ժողովրդավարության գործում: Անգնահատելի է նաեւ նրա դերը մեր ժողովուրդների միջեւ բազմադարյան բարեկամության զարգացման գործում: Ողջ հայ ժողովրդի, ինչպես նաեւ անձամբ իմ անունից խոր ցավակցություն եմ հայտնում Ձեզ, ինչպես նաեւ Զուրաբ Ժվանիայի հարազատներին»: