Լոնդոնի Պարալիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 7 օր: Խաղերին ընդառաջ Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության դեսպանատունը և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը համատեղ նախատեսել են սեղանի թենիսի մրցաշար, որին կմասնակցեն լրագրողներ և հաշմանդամություն ունեցող անձիք:
Արդեն յոթերորդ տարին է, որ «Հույսի կամուրջ» կազմակերպությունը իրականացնում է «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» մրցաշարը: Այն նպատակ ունի սպորտի միջոցով հավասար հնարավորություններ քարոզել և ինտեգրել հաշմանդամ մարդկանց հասարակության մեջ: Մրցաշարին ներկա կլինեն Պարաալիմպիկ խաղերին Հայաստանը ներկայացնող մարզիկները լողորդուհի Մարգարիտա Հովակիմյանը և ծանրորդուհի Գրետա Վարդանյանը: Մրցաշարի վերջում մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը և Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը Պարաալիմպիկ խաղերի մասնակիցներին կհանձնեն խորհրդանշական օլիմպիական դրոշը և կճանապարհեն դեպի Լոնդոն:
Միջոցառմանը ներկա կլինի նաև Հայաստանում Բրազիլիայի դեսպան Մարչելա Նիկոդեմոսը, ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը կհանձնի ամառային Օլիմպիական խաղերի էստաֆետը: Ամառային Օլիմպիական խաղերը Լոնդոնից կտեղափոխվեն Ռիո դե Ժանեյրո: