25 օգոստոսի 2012 - 14:18 AMT
Արաբագետ. Բաշար Ասադը վերջնական արդյունքում կհեռանա

Բաշար Ասադը վերջնական արդյունքում կհեռանա: Այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում նման կարծիք հայտնեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը: «Այլևս անդառնալի գործընթաց է սկսվել, բայց այն երկարաձգվում է, քանի որ կողմերից ոչ մեկը չի փայլում իր ռազմավարությամբ: Արևմտյան երկրների մի մասը իրադարձություններն արագացնելու նպատակով տեխնիկա-հետախուզական աշխատանքներ է իրականացնում, տեղեկատվություն տրամադրում ընդդիմությանը:

Վերջինս իր հերթին ներքին տարաձայնություններ ունի, միասնական չէ, ուստի չի կարողանում համակարգել գործողությունները:

Նրանց մի մասը պատվեր կատարող ահաբեկիչներ են, մյուսն իսկապես գաղափարական համոզմունքներից ելնելով է պայքար մղում, երրորդը փորձում է իր կողմը գրավել ազգային փոքրամասնություններին, բայց առայժմ անարդյունք»,- նշեց նա:

Դրա հետ մեկտեղ արաբագետը շեշտեց, որ հակամարտող կողմերի միջև բանակցությունների տարբերակն այլևս անհնար է:

«Նրանք հատել են հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու սահմանը: Իսկ Ասադի հեռանալը ժամանակի հարց է»,- ասաց նա: