30 օգոստոսի 2012 - 12:49 AMT
Սիրիահայերը պետտուրք չեն վճարի Հայաստանում մնալու ժամկետը երկարացնելու համար

Հայաստանի կառավարությունը օգոստոսի 30-ի նիստում փոփոխություններ է մտցրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում: Ինչպես հայտնում է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ըստ օրենքի մուտքի արտոնագիրը երկարացնելու համար օրենքով նախատեսվում է ամեն լրացուցիչ օրվա համար վճարել 500 դրամ, իսկ կացության կարգավիճակի տրամադրման համար՝ 105-140 հազար դրամ:

«Փոփոխություններն օրենքում նախատեսում են զիջումներ օտարերկյա պետությունների հայազգի քաղաքացիների համար, որոնց վտանգ է սպառնում»,-ասել է նա՝ հավելելով, որ մասնավորապես, այս դեպքում խոսքը սիրիահայերի մասին է: Նման հանձնարարական էր տվել երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, այն քննարկվել է կառավարությունում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց. «Եթե արտակարգ իրավիճակ է ստեղծվում և մեր հայրենակիցներն ոչ իրենց մեղքով չեն կարողանում կատարել օրենքով նախատեսված պահանջները, մենք ազատում ենք նրանց պետական տուրքերից ու տուգանքներից, բարենպաստ պայմաններ ստեղծելով, որպեսզի նրանք կարողանան լուծել իրենց խնդիրները հայրենիքում»: