Ադրբեջանը փորձում է օգտվել Հունգարայի ծանր տնտեսական դրությունից և ֆինանսական օգնություն տրամադրելու միջոցով հասնել հայ սպային սպանած Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելուն: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի ղեկավար, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը` մեկնաբանելով Սաֆարովին հանձնելու գործընթացը սկսելու մասին տեղեկատվությունը: Նրա խոսքով, իրենց վերլուծության համաձայն, Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջանին հանձնելու հավանակությունը միջինից բարձր է:
«Հունգարիայում սկսվել են բացասական քաղաքական զարգացումներ, սկսած ժողովրդավարությունից ավտորիտարիզմի անցում կատարելուց, ավարտած բավական աղետալի տնտեսական իրավիճակով»,- ասել է նա:
Դրա հետ կապված Ալավերդյանը նշել է, որ որոշ ԶԼՄ-ներում հայտնվել է տեղեկատվություն, որ Ադրբեջանը ցանկանում է ֆինանսապես օգնել Հունգարիային` 2-3 մլրդ դոլարով գնելով նրա պետական արժեթղթերը: «Պետք է նշել, որ Ադրբեջանի կոռուպցիոն գործունեությունը տեղ է գտել համաշխարհային և եվրոպական կառույցների զեկույցներում, և մենք հիմքեր ունենք հայտարարելու, որ նման գործընթացները չեն կարող լինել հանգամանքների պարզ դասավորություն»,- նշել է նա:
Ալավերդյանը հավելել է, որ Հունգարիայի քաղաքական վերնախավը Թուրքիայի միջնորդությամբ անարժան հարաբերությունների մեջ է Ադրբեջանի հետ և նշել, որ Եվրոպայում նույնպես կասկածներ կան, որ «այդ գործարքի ետևում ավելին կա, քան տնտեսական օգնությունը»
2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:
2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի:
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար: Ինչպես օրերս հայտնել է Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, Սաֆարովի գործը բացահայտում է հայ-ադրբեջանական հարաբերությունների ևս մեկ կարևոր ասպեկտ, այն է, որ ադրբեջանցի սպաները ուսոցում են անցնում Թուրքիայի հատուկ ջոկատներում, որոնք գտնվում են գրավյալ Հյուսիսային Կիպրոսի տարածքում: «Ի՞նչ են անում ադրբեջանցի սպաները Կիպրոսում: Նրանց այնտեղ սովորեցնում են սպանել, դա պարզ է դառնում Սաֆարովի գործողություններից, որը նախապես կացին էր գնել, սրել էր այն ու ի վերջո կացնահարել հայ զինվորականին»,-հավելել է նա:
Ինչպես նշել է Դեմոյանը, Սաֆարովի գործում մեծ դերակատարություն ունեցավ դատավոր Անդրեա Վասկուտտին, որը «կարողացավ հասնել դատապարտյալի արդարացի դատական փորձաքննությանը, որի արդյունքում ապացուցվեց, որ Սաֆարովը մեղսունակ է և կանխամտածված է կատարել սպանությունը»:
Վերջում Դեմոյանը հայտարարեց, որ «Սաֆարովի դատավճիռը Ադրբեջանի ղեկավարության դատավճիռն է: