30 օգոստոսի 2012 - 16:08 AMT
Սեյրան Օհանյանն այցելել է հարավարևմտյան սահմանային զորամասեր

ՀՀ պաշպանության նախարար Սեյրան Օհանյանն օգոստոսի 28-29-ին այցելել է հարավարևմտյան սահմանային զորամասեր, տեղում ծանոթացել իրականացված շինարարական ու կառուցապատման լայնածավալ աշխատանքներին:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից, այցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, ծանոթացել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստությանը և բարոյահոգեբանական վիճակին, կատարված շինարարական աշխատանքներին, ստուգել է պաշտպանական և ինժեներական կառույցների հուսալիությունը: Սեյրան Օհանյանը մի շարք սպաների պարգևատրել է թանկարժեք նվերներով, իսկ զինծառայողներին` որպես խրախուսանք, տրամադրել արձակուրդներ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ բանակում դրական միտումներ են արձանագրվել` կապված զինվորների ֆիզիկական և հոգևոր պաշտպանվածության հետ, զգալիորեն բարելավվել են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները, նշանակալի ձեռքբերումներ կան նաև օրինականության հաստատման առումով։ Իսկ իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում բարելավվել են զորանոցների կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմանները:

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը որոշակի հանձնարարականներ է տվել՝ ընթացող աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու համար: