Հունգարիան և Ադրբեջանը խախտել են 1983թ Ստրասբուրգի կոնվենցիայի դրույթները` դատապարտյալի արտահանձնում իրականացնելով, ապա նաև հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելով: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայատարարել է իրավաբանական գիտությունների թեկնածու Տիգրան Նահապետյանը:
Ըստ նրա, ցանկացած միջազգային պայմանագրում վերապահումներ իրականացնելու պետությունների իրավունքը, ըստ միջազգային օրենքների, սահմանափակ է:
Նահապետյանն ընդգծել է, որ Ստրասբուրգի կոնվենցիայի նպատակն այն է, որ հումանիտար նկրտումներից ելնելով, դատապարտյալներն իրենց պատիժը կրեն սեփական երկրում: «Ակնհայտ է, որ այս գործընթացն ամենասկզբից հակասում էր կոնվենցիայի նպատակներին: Այսինքն, այս կոնվենցիայի գլխավոր և առաջնային նպատակը վերջինիս շրջանակներում համագործակցությունն է, որը պետք է ծառայի արդարության հաստատմանն ու կիրառմանը»,-նկատել է նա:
Իրավաբանը հավելել է, որ պետք էր միամիտ լինել, որպեսզի չնկատել, որ Ադրբեջանն անմիջապես ազատ կարձակի Սաֆարովին` հաշվի առնելով Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարությունները և Սաֆարովին ազգային հերոս դարձնելը:
Նահապետայնը նաև ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահը, ներում շնորհելով Սաֆարովին, խախտել է սեփական երկրի օրենսդրությունը: Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի ՔՕ-ի համաձայն, ցմահ ազատազրկումը կարող է փոխարինվել առնվազն 25 տարի ազատազրկմամբ:
Ընդ որում, նա կասկածում է, որ ողջ համաշխարհային հանրությունը կմիանա Հունգարիայի քննադատությանը, նկատելով, որ «ամբողջ աշխարհը չի սահմանափակվում միայն Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային ափով»:
Օգոստոսի 31-ին Հունգարիան հայտարարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահնձնելու մասին: Ադրբեջան ժամանելուց հետո Սաֆարովն անմիջապես ներման է արժանացել երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմից: Հունգարական իշխանությունների որոշումից հետո, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է , որ Հայաստանը խզում է Հունգարիայի հետ դիվանագիտական և բոլոր պաշտոնական հարաբերությունները: