Դավիթ Էնֆենջյանի «Էռոռ» (Սխալ) ֆիլմը Բուլղարիայի Ռուսե քաղաքում տեղի ունեցած Համաշխարհային ոչ կոմերցիոն կինոյի միության (UNICA) փառատոննում արժանացել է բրոնզե մեդալի: Ինչպես հայտնում է փառատոնի կայքը, մրցույթում Հայաստանը ներկայացրել են նաև Վահրամ Հակոբյանի «Լույսի գաղտնիքը», Եգոր Ամբարյանի «Հրեշավոր հավիկը», Վահե Յանի «Երկխոսություն», Էմմա Կարապետյանի «Հին ու նոր Կոնդ», Անետա Օհանջի «Ես երջանիկ եմ» ֆիլմերը: Փառատոնը տեղի է ունեցել օգոստոսի 25-ից սեպտեմբերի 2-ը: Ժյուրիի կազմում է եղել նաև «Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնի» տնօրեն Արտաշես Հովհաննիսյանը:
Փառատոնին մասնակցել են 136 ֆիլմեր 34 երկրից: Հիշեցնենք նաև, որ 2011 թ-ին Լյուքսեմբուրգում կայացած փառատոնում Շավարշ Համբարձումյանի «Դաժան սիրավեպ» անիմացիոն ֆիլմն արժանացել է արծաթե մեդալի: