4 սեպտեմբերի 2012 - 12:42 AMT
Կամո Հովհաննիսյան. Պետք է չթերագնահատել մրցակցին և չգերագնահատել մեր ուժերը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սեպտեմբերի 3-ից Երևանում սկսել է նախապատրաստվել աշխարհի 2016 թվականի առաջնության ընտրական փուլին:

19-ամյա կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում խոստովանել է, որ ինքն ուրախ է, որ հրավեր է ստացել ազգային թիմից:

«Ճիշտ է, ես նաև ընկերական հանդիպումների եմ մասնակցել, բայց ես առաջին անգամ եմ մասնակցելու այսպիսի մեծ մրցաշարի և անչափ ուրախ եմ դրա համար: Յուրաքանչյուր հայ ֆուտբոլիստի երազանքն է խաղալ ազգային հավաքականում: Ուղղակի պետք է չլարվել, դեռ երիտասարդ եմ, կատարելագործվելու ու սովորելու շատ բան ունեմ»,- նշել է Հովհաննիսյանը:

Ըստ ֆուտբոլիստի, Հայաստանի հավաքականն ունակ է պայքարելու B խմբի բոլոր հավաքականների դեմ, այդ թվում Իտալիայի, Չեխիայի և Դանիայի:

«Պետք է ուղղակի չթերագնահատել մրցակցին և չգերագնահատել մեր ուժերը: Պատրաստվել ամեն խաղին այնպես, որ կարողանանք հաղթահարել տվյալ արգելքը: Մալթան մեր առաջին մրցակիցն է, ու մեր ֆուտբոլիստներն ամեն ինչ ներ են դնելու, որպեսզի հաղթեն նրանց»,- ավելացրերլ է մարզիկը:

Հովհաննիսյանն ավելացրել է, որ թիմում ինչպես միշտ տիրում է ջերմ ու ընտանեկան մթնոլորտ. «Դեռ չենք ուսումնասիրել Մալթայի խաղաոճը, մարզիչների հետ կքննարկենք, ու նրանք մեզ կտրամադրեն ինֆորմացիա մրցակցի մասին»: Մալթա-Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին: