Սեպտեմբերի 4-ին կայացավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցով Երևան ժամանած Արգենտինայի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի համատեղ մամլո ասուլիսը: Իր խոսքում նախարար Նալբանդյանը նշեց, որ այս տարի մենք նշում ենք հայ-արգենտինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 ամյակը, և կարող ենք արձանագրել, որ Արգենտինայի հետ մենք ունենք բավականին ինտենսիվ համագործակցություն։
ՀՀ ԱԳ նախարարն, անդրադառնալով Հունգարիայի ու Ադրբեջանի գործարքին, Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանն ու ներմանը Ադրբեջանի կողմից և այդ ամենի ազդեցությանը ղարաբաղյան բանակցային գործընթացի վրա, ասել է, որ այս դեպքն արդեն իսկ շատ վատ ազդեցություն ունի բանակցային գործընթացի վրա և ընդհանրապես տարածաշրջանային կայունության և անվտանգության վրա: «Բայց փորձերը դուրս գալ բանակցություններից, ձախողել բանակցությունները, դա Հայաստանի կողմից չեն արվում, Ադրբեջանի կողմից են արվում և այս գործարքի հենց պատճառներից մեկը նա է, որ Ադրբեջանը շարունակում է այդ փորձերը:
Ադրբեջանն է, որ մերժում է եռանախագահների կողմից բոլոր առաջարկները: Գիտեք, մեր արձագանքը Լ՛Աքվիլայի,Մուսոկկայի, Դովիլի, Լոս Կաբոսի հայտարարություններից հետո և Ադրբեջանի արձագանքը: Դուք գիտեք, մեր արձագանքը այն առաջարկների կապակցությամբ, որոնք արվել են եռանախագահների կողմից, ԵԱՀԿ գործող նախագահների կողմից, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից՝ դիպուկահարների դուրս բերման, հրադադարի ամրապնդման, շփման գծում հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, այլ առաջարկներ, որոնք մշտապես մերժվել են Ադրբեջանի կողմից: Այն գործելաոճը, որը դրսևորում է տարիներ շարունակ Ադրբեջանը իր ռազմատենչ հայտարարություններով, սպառնալիքներով, նոր և նոր սադրանքներով շփման գծում, աննախադեպ ձևով ավելացնելով ռազմական բյուջեն. չկա որևէ երկիր աշխարհում, որը այդպիսի տեմպերով ավելացնի ռազմական բյուջեն: Այս ամենը ուղղված է հենց բանակցությունների տապալմանը:
Ամենակարևորը նա է, որ միջազգային հանրությունը չպետք է հանդուրժի, թույլ չտա, որ Ադրբեջանը բանակցային գործընթացի քողի տակ շարունակի այս արկածախնդիր քաղաքականությունը, որը հղի է լուրջ վտանգներով տարածաշրջանի և ոչ միայն տարածաշրջանի, այլև միջազգային անվտանգության և կայունության համար»«-ասել է Էդվարդ Նալբանդյանը Երևանում իր արգենտինացի պաշտոնակցի հետ համատեղ մամլո ասուլիսում: