ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ներման հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ: «Ադրբեջանի իշխանությունների գործողությունները զարմանք չեն առաջացնում: Սա այդ երկրում վաղուց փայփայվող հայատյացության չկշռադատված դրսևորում է: Հիշենք Սումգայիթը, հայերի ջարդերը Բաքվում և «շահիդների պուրակը», որը հավերժացնում է ջարդարարների հիշատակը: Սրանում համոզվածությունն է ժամանակին ձևավորել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի անփոփոխ դիրքորոշումը' որևէ ձևով Ադրբեջանի կազմում ԼՂՀ գոյության անհնարինությունը:
Ադրբեջանում այնպիսի ատելությամբ են լցված հայերի նկատմամբ, որ մոռացել են բարոյականության սահմանների մասին:
Մարդասպանին ներում շնորհելու հրամանագիրը ղարաբաղցիների՝ անկախություն ունենալու բոլոր հիմնավորումների լավագույն ապացույցն է:
Ի դեպ, եթե հունգարական կողմի արձագանքից պարզվի, որ Ադրբեջանն իրոք խաբել է պաշտոնական Բուդապեշտին և հանցավոր համաձայնություն չի եղել, ապա հունգարացիների ամենաարժանի պատասխանը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը», -ասված է հայտարարության մեջ: