6 սեպտեմբերի 2012 - 12:28 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ՀՅԴ երիտասարդները նախագահականի առջև սպասում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

ՀՀ նախագահական նստավայրի առջև այսօր առավոտյան` ժամը 10.30-ին, հավաքվում էին ՀՅԴ երիտասարդական կառույցների անդամները: Նրանք սպասում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի այցին նախագահական նստավայր, որը պետք է տեղի ունենար դեռ երեկ, սակայն հետաձգվեց:

Նստավայրի առջև այժմ հավաքված տասնայկ երիտասարդների ձեռքերում կան «ՆԱՏՕ-Ադրբեջան համագործակցություն» գրությամբ պաստառներ, որոնց վրա խաչ է քաշած, ինչպես նաև մեկ մեծ պաստառ, որի վրա ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նկարն է, հետևյալ գրությամբ` «Քնած դիվանագետը քնած զինվորից վատ է»: ՀՅԴ երիտասարդական կառույցների ներկայացուցիչները լրագրողներին ասացին, որ իրենց միանալու են նաև այժմ ԵՊՀ առջև հավաքված իրենց միության անդամները: Նրանք սպասում են Ռասմուսենի ժամանելուն, որ բանավոր ներակայացնեն ՆԱՏՕ-ին և, մասնավորապես, ՆԱՏՕ-ի քարտուղարին ուղղված իրենց պահանջները, որոնցից հիմնականներն են Ադրբեջանի հետ ցանկացած տեսակի համագործակցության խզումը, ինչպես նաև Հունգարիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՅԴ երիտասարդական միության և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները նույնպես կազմակերպել էին բողոքի ակցիա, որը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի հետաձգման պատճառով չկայացավ:

ՖՈՏՈՇԱՐՔ