6 սեպտեմբերի 2012 - 17:10 AMT
ԵՄ իրավական մեխանիզմները կասկածներ են առաջացնում Հայաստանում

Հայաստանի կառավարությունը ձգտում է ոչ միայն միգրացիայի, այլ նաեւ համագործակցության բոլոր բնագավառներում ներդնել եւ կիրառելի դարձնել ԵՄ–ում գործող ժամանակակից իրավական մոտեցումներն ու մեխանիզմները: Այս մասին հայտարարել է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը` ԵՄ Twinning ծրագրի բացման ժամանակ: «Դրանք բխում են մեր ընդհանուր արժեհամակարգից, իսկ այն պահպանելու համար մշտական ջանքեր են պահանջվում»,-ասել է նա:

Սեպտեմբերի 6-ին Երևանում ԵՄ պատվիրակությունը և ՀՀ տարածքային կառավարմանը կից Միգրացիոն ծառայությունը հայտարարել են Twinning ծրագրի մեկնարկի մասին, որն ուղղված է կառավարման ոլորտում արդյունավետությունը բարձրացնելուն: ԵՄ կողմից ֆինանսավորման ծրագիրը, որի արժեքը 1 մլն եվրո է, թույլ կտա Հայաստանին միջազգային ստանդարտներին համապատասխանեցնել միգրացիոն և ապաստանի տրամադրման ոլորտների օրենսդրությունը: ԵՄ նոր ծրագիրը, որը կտևի 27 ամիս, Հայաստանում իրագործվում է Լեհաստանի ԱԳՆ և Շվեդիայի Միգրացիոն ծառայության կողմից: Սակայն, ըստ նախարար Արմեն Գևորգյանի, ԵՄ անդամ Հունգարիայի կառավարության կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին, որտեղ էլ նրան այդ երկրի նախագահը ներում է շնորհում, ինչպես մեր հանրության, այնպես էլ կառավարության շրջանում հարցեր է առաջացնում այդ իրավական մեխանիզմների վերաբերյալ:

«Որպեսզի անվստահությունը չխորանա և նման իրադարձությունների կրկնությունը հետագայում բացառվի, կարծում ենք, որ կատարվածին պետք է համարժեք գնահատական տրվի միջազգային հանրության կողմից»,-ընդգծել է նա: Օգոտսոսի 15-ին Ադրբեջանի արդարադատության փոխնախարարի նամակում հունգարացի գործընկերներին երաշխիքներ են տրվել, որ Սաֆարովի ցմահ ազատազրկումը կարող է փոխվել միայն դատարանի որոշմամբ` այլ պատժաժամկետի կամ պայմանական ազատման, միայն առնվազն 25 տարի անազատության մեջ անցկացնելուց հետո:

Հունգարական կողմը Ադրբեջանին է հղել բողոքի նոտա, որտեղ նշվում է, որ Բաքուն անտեսել է Ռամիլ Սաֆարովի փոխանցման իր իսկ սահմանած պայմանները, հաղորդում է Հունգարիայի կառավարության կայքը:

Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին, ինչից հետո նրան երկրի նախագահից ոչ միայն ներում և հերոսի կոչում է շնորհվել, այլ նաև շնորհվել է մայորի կոչում, բնակարան և 8 տարվա աշխատավարձ: Ի պատասխան այս քայլի, Հայաստանի հանրապետությունը խզել է Հունգարիայի հետ պաշտոնական հարաբերությունները: