10 սեպտեմբերի 2012 - 17:04 AMT
Հունգարական դիվանագիտական գործակալություն. Ալիևն ուղղակի խաբեց Օրբանին

Միջազգային հարաբերությունների հունգարական ինստիտուտի գաղտնի փաստաթուղթը, որը գտնվում է nol.hu կայքի տրամադրության տակ, վկայում է այն մասին, որ Ադրբեջանը մոլորեցրել է Հունգարիայի իշխանություններին` կապված Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հետ, հաղորդում է Politics.hu-ն:

Ինստիտուտի ղեկավար Բոտոնդ Զակոնին հայտարարել է, որ այդ փաստաթղթի հրապարակումը «ցանկալի չէ»: Նրա խոսքով, ինստիտուտը, որը միջազգային հարաբերությունների պետական գործակալություն է, կանոնավոր կերպով նման հաշվետվություններ է նախապատրաստում հունգարական արտաքին քաղաքականության առանցքային հարցերի շուրջ:

Ինչպես նշվում է հաշվետվությունում, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Սաֆարովի արտահանձնման հարցը քննարկելու համար: Ալիևը խոստացել է, որ Սաֆարովը կշարունակի պատիժը կրել հայրենիքում: Սակայն Սաֆարովն Ադրբեջանում անհապաղ ներում է ստացել և ազատ արձակվել: Հունգարիան երկու օր անց դիվանագիտական նոտայի միջոցով արտահայտել է իր բողոքը, բայց Հայաստանը, չնայած դրան, խզել է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները:

Փաստաթղթի հեղինակները հանգել են հետևության, որ Հունգարիան չափազանց զարմացել է Սաֆարովին ազատ արձակելու փասռից, և նրանից պահանջվել է 24 ժամ, որպեսզի ձևակերպի իր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ: Նաև նշվում է, որ Բաքուն փորձել է Սաֆարովին արտահանձնելու դիմաց Բուդապեշտի հետ ինչ-որ գործարքի կեղծ տպավորություն ստեղծել. «Ադրբեջանը կարևոր է Հունգարիայի համար, ուստի Բուդապեշտը բացահայտորեն չի հայտարարում, որ Ալիևը մոլորության մեջ է գցել Օրբանին»:

Ինստիտուտի փորձագետները ենթադրում են, որ Հունգարիայի իշխանությունները պետք է որոշակի ռազմավարություն իրականացնեն, որպեսզի համաշխարհային հանրությանը հասկացնել տան, որ իրենք պատասխանատվություն չեն կրում Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու համար: «Մենք պետք է խոսենք թյուրիմացության մասին»,- ասվում է հաշվետվությունում:

Փաստաթղթում նաև նշվում է, որ Հունգարիայի և Հայաստանի հարաբերությունները որոշ ժամանակ կսառեցվեն, բայց ավելացվում է, որ միջնաժամկետ հարաբերությունները պետք է համառ ջանքերով վերականգնվեն:

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:

2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար: Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի:

Ըստ որոշ տվյալների Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է: