12 սեպտեմբերի 2012 - 10:09 AMT
«Ժողովուրդ». Նախագահն արգելել է ԲՀԿ-ի հետ կապված որևէ «կոշտ» հայտարարություն անել

«Ժողովուրդ»-ը գրում է, որ առաջիկա օրերին ԲՀԿ-ն հանդես կգա հայտարարությամբ, որով կհստակեցնի նախագահական ընտրություններում կուսակցության մասնակցության ձևաչափը: Գաղտնիք չէ, որ այդ հայտարարությանն անհամբեր սպասում է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, և դա է պատճառը, որ նա ՀՀԿ-ականներին արգելել է ԲՀԿ-ի հետ կապված որևէ «կոշտ» հայտարարություն անել: Հատկապես ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի`վարչապետ Տիգրան Սարգսյանի հասցեին արած վերջին հայտարարությունից հետո ՀՀԿ-ականները շատ վրդովված են: Սակայն Ս. Սարգսյանն անգամ վարչապետին է արգելել որևէ բառով հակադարձել ԲՀԿ-ին:

Սպասվելիք հայտարարության շուրջ տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը դիմեց Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին, որը, սակայն, հստակ պատասխան չտվեց. «Նախագահական ընտրությունների վերաբերյալ թե' ես, թե' ԲՀԿ անդամները տիրապետում ենք մեկ տեղեկատվության, երբ որ ԲՀԿ-ն հարմար գտնի խոսել նախագահական ընտրությունների մասին, այդ ժամանակ էլ կխոսի»: