12 սեպտեմբերի 2012 - 10:21 AMT
«Հայացք». Ձերբակալվել է «Սևան» ազգային պարկի» ղեկավարներից մեկը

«Հայացք»-ը գրում է, որ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության, կառուցապատման տրամադրման ընթացքում արձանագրված խախտումների դեպքերով հարուցված քրեական գործով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով (ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մաս եւ 314-րդ հոդված) ձերբակալվել է ՀՀ կառավարությանն առընթեր ԱԳԿ ՊԿ-ի Դիլիջանի սպասարկման գրասենյակի ղեկավար Է. Առաքելյանը:

«Է. Առաքելյանը 1999 թ. սեպտեմբերի 29-ից մինչեւ 2010 թ. հունվարի 19-ը ղեկավարել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Սեւանի ստորաբաժանումը:

Ըստ նախաքննության տվյալների` նա, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2007-2009 թթ. «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության, կառուցապատման տրամադրման ընթացքում, պաշտոնական փաստաթղթերում, այն է` անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման միասնական մատյաններում ու վկայականներում կեղծիքներ, ակնհայտ կեղծ տեղեկություններ, հետին ամսաթվով գրառումներ կատարելու միջոցով մի շարք ֆիզիկական եւ իրավաբանական անձանց անվամբ ապօրինի գրանցել է «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողատարածքների նկատմամբ վարձակալության կամ կառուցապատման իրավունքներ, տրամադրել իրավունքի պետական գրանցման վկայականներ»,- գրում է «Հայացքը»: