12 սեպտեմբերի 2012 - 12:21 AMT
Կամչատկայում սուգ է հայտարարվել Ան-28-ի վթարի պատճառով

Կամչատկայի իշխանությունները սեպտեմբերի 13-ը սգո օր են հայտարարել Ան-28 վթարի զոհվածների հիշատակին: Այդ մասին ասվում է երկրամասի կառավարության կայքում:

Այդ մասին կարգադրություն է ստորագրել երկրամասի նահանգապետ Վլադիմիր Իլյուխինը: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի դրոշները կխոնարհվեն:

Ան-28 ինքնաթիռի վթարային վայրէջքի ժամանակ Կամչատկայում 10 մարդ է զոհվել: Ան-28-ը ուղևորատար չվերթ էր կատարում: Վթարային վայրէջքը կատարվել է Պալանա ավանից 10 կմ հեռավորության վրա:

Վթարի արդյունքում զոհվել են ինքնաթիռում եղած 14 մարդկանցից 10-ը, այդ թվում անձնակազմի երկու անդամներ հրամանատար Վյաչեսլավ Շպակն ու երկրորդ օդաչու Վլադիմիր Դանչենկոն:

Պատահարի փաստով քրեական գործ է հարուցվել «Օդային տրանսպորտի շահագործման անվտանգության կանոնների խախտում» հոդվածով՝ ՌԴ ՔՕ 263 հոդված:

Զոհվածների ընտանիքներին կվճարվի 200 հազար ռուբլի փոխհատուցում: Տուժածները կստանան նյութական օժանդակություն: