ԼՂՀ ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը վստահ է, որ եվրոպական երկրներն Ադրբեջանի նկատմամբ չեն կիրառի պատժամիջոցներ` կապված հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու հետ: Որպես իր խոսքերի ապացույց նա հիշեցրել է Երևանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հայտարարությունը, երբ նա ասել է, որ Հունգարիան գործել է միջազգային օրենսդրության համաձայն և որ այդ քայլը մնում է Ադրբեջանի խղճին:
«Ռասմուսենի խոսքերը վկայում են այն մասին, որ Եվրոպան փորձում է իր վրայից գցել այդ գործարքի համար պատասխանատվությունը»,- ընդգծել է նա:
Մելիքյանը հավելել է, որ Եվրոպայի համար առավել կարևոր են նավթը և գազը, որոնք նա գնում է Ադրբեջանից:
2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:
2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի:
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար:
Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:
Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի:
Ըստ որոշ տվյալների Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է: