13 սեպտեմբերի 2012 - 16:41 AMT
Deem Communications-ն ընդլայնում է հայ կատարողների` արտերկրում ներկայանալու հնարավորությունները

Հայաստանում առաջին անգամ մեկնարկում է հայ կատարողների ամրագրման (բուքինգ) կայք: Այն նախաձեռնել և պատրաստել է Deem Communications ընկերությունը: Կայքը նպատակ ունի աջակցել Հայաստանի, սփյուռքի և արտերկրի հայ երաժիշտներին, երգիչներին և խմբերին` իրենց գործունեության մասին տեղեկատվություն տեղադրելով կայքում և այդպիսով նրանց հասանելի դարձնելով արտերկրի ամրագրման ընկերությունների, համերգային ծրագրերի մենեջերների և արտասահմանյան լսարանի համար:

Կայքի մեկնարկի ներկայացումը և երգարվեստի ներկայացուցիչների հետ քննարկումը տեղի ունեցավ սեպտեմբերի 13-ին Deem Communications ընկերության գրասենյակում: Հրավիրված էին հայ երգիչներ և խմբեր` ջազմեն Վահագն Հայրապետյանը, DJ Vakcina-ն, մեներգչուհի Նարինե Դովլաթյանը, Haik Solar & Arni Rock և այլք:

Հանդիպմանը ներկա էր նաև մեներգչուհի Այլին Խաչատուրյանը Բեյրութից, ով սեպտեմբերի 12-ին Deem Communications ընկերության հրավերով իր առաջին հայաստանյան ելույթն ունեցավ Bourbon St.-ում և արժանացավ հանդիսականի ջերմ ընդունելությանը: 2009թ. իր «Միդան» ալբոմով: Այլինը լավագույն ռոք ալբոմ անվանակարգում հաղթող է ճանաչվել Լոս Անջելեսի 10-րդ Հայկական երաժշտական մրցանակաբաշխությանը:

«Շատ ուրախ եմ, որ գործելու է բուքինգի կայք հայ կատարողների համար և նրանց մասին համացանցի շնորհիվ կիմանան հեշտությամբ՝ մեկ սեղմումով»,- ասաց Այլին Խաչատուրյանը

Տարիների ընթացքում Deem Communcations ընկերությունը Հայաստանում հանրությանը ներկայացրել է միջազգային յուրահատուկ ծրագրեր` հանրահայտ երաժիշտների և արվեստագետների մասնակցությամբ: Աշխատելով նաև տեղի հայ երաժշտական տարբեր խմբերի ու անհատների հետ, գնահատելով նրանց որակն ու պրոֆեսիոնալիզմը, Deem Communcations-ը առաջ քաշեց նրանց աշխարհի ավելի մեծ բեմերում ներկայացնելու անհրաժեշտությունը:

«Մեր փորձից ելնելով՝ բուքինգի նման կայքերն անչափ օգտակար են եղել DEEM-ի միջոցառումների համար միջազգային ասպարեզի երաժիշտների հետ կապ հաստատելու համար: Այդ պատճառով էլ գիտակցում ենք կայքի կարևոր դերը և առաջին անգամ Հայաստանում ներկայացնում ենք նման հնարավորություն նաև հայ կատարողների համար», - ասաց Deem Communications ընկերության տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը: