Եվրախորհրդարանում կայացել են հայ սպա Գուրգեն Մարգարյանին Հունգարիայում կացնահարած ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու Ադրբեջանում նրան ներում շնորհելու վերաբերյալ բանաձևի քննարկումները:
Քննարկումների մասնակցած եվրապատգամավորները հիմնականում հանդես են եկել Հունգարիայի և Ադրբեջանի խիստ քննադատությամբ` Սաֆարովին ներում շնորհելն ու նրան հերոսացնելը որակելով որպես աննախադեպ, անընդունելի և ամբողջ քաղաքակիրթ աշխարհի մոտ շոկ առաջացնող քայլ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին մեղադրանք է հնչել, որ Սաֆարովին ներելով, նա իրեն պահել է մաֆիայի ղեկավարի նման և ցույց տվել, որ Ադրբեջանում յուրաքանչյուրը կարող է հայ սպանել և հերոս ճանաչվել: Եվրախորհրդարանի քննարկումներին ելույթ ունեցողների կարծիքով, Բաքուն պետք է երեշխավորի, որ Սաֆարովը կկրի իր արժանի պատիժը:
Ընդգծվել է նաև, որ Հունգարիան պետք է ավելի ուշադիր վարեր բանակցություններն Ադրբեջանի հետ և համոզվեր, որ Բաքուն միջազգային նորմերը չի օգտագործելու մարդասպանին ազատելու նպատակով: Եվրապատգամավորներն առաջարկել են ստիպել Ադրբեջանին` որպես Եվրախորհրդի անդամ, իրականացնել իր վրա վերցված միջազգային պարտավորվածությունները:
Պատգամավորները հիմնականում ըմբռնումով են մոտեցել Հունգարիայի հետ հարաբերությունների սաեռցմանը, թեև որոշները նշել են, որ Երևանի կտրուկ արձագանքը չի նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:
Ելույթ ունեցողներն անդրադարձել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Մասնավորապես, առաջարկություն է հնչել, որ Եվրախորհրդարանը պետք է ավելի ակտիվ ներգրավվի ղարաբաղյան գործընթացում: Եվրապատգամավորները նաև ընդգծել են Ղարաբաղի վերաբերյալ ավելի ինտենսիվ բանակցությունների անհրաժեշտությունը, որոնցում ակտիվորեն ներգրավված կլինեն ամենաբարձր մակարդակում ինչպես երկրների ղեկավարները, այնպես էլ քաղաքացիական հասարակությունը:
Քննարկումներից հետո Եվրախորհրդարանի անդամները ընդունեցին Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ներում շնորհելու կապակցությամբ բանաձև: