13 սեպտեմբերի 2012 - 20:54 AMT
Արսինե Խանջյան. Թուրքիայում Հայոց ցեղասպանության հանդեպ վերաբերմունքը փոխվում է

Թուրքիայում գոյացել է քաղաքացիական հասարակության մի հատված, որը պատրաստ է ընդունել իր պատմությունն այնպիսին, ինչպիսին այն կա: Այդ մասին թուրք գրող և Հայ-թուրքական «Ակոս» թերթի սպանված խմբագիր Հրանտ Դինքի փաստաբան Ֆեթհիե Չեթինի հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց դերասանուհի Արսինե Խանջյանը: «Այսօր Հայաստանից, Սփյուռքից մեր գործադրած ճնշման շնորհիվ Թուրքիայում գոյացել է անհատների մի շերտ, որը հասկանում է, որ սեփական պատմության ճանաչումը կարևոր կետ է, որից ելնելով պետք է փոխվել, փոխել հարաբերությունները հայերի հետ: Ես զգում եմ, որ Թուրքիայում Հայոց ցեղասպանության հանդեպ վերաբերմունքը փոխվում է: Սա ինձ համար կարևոր շրջան է, իմ և իմ ժողովրդի պատմության համար»,- նշեց նա:

Խոսելով Երևանում Ֆեթհիեի հետ հանդիպման մասին` Արսինեն հայտնեց, որ իր համար անսովոր է նման հրապարակային քննարկում վարել թուրքի հետ իր հայրենիքում: «Ես որոշել էի այլևս ոտք չդնել Թուրքիա, մինչև այդ երկիրը չճանաչի իր մեղքը:

Բայց երբ եղավ Ֆեթհիեի հետ հանդիպումների առաջարկը, ես հասկացա, որ այդ հարցը բարձրացնելու հարմար առիթ է: Սկզբում մենք հանդիպում ունեցանք Բեռլինում, այնուհետև` Ստամբուլում: Այսօր հանդիպում ենք Երևանում, և սա առաջին լայնամասշտաբ հանդիպումն է, որտեղ հայ և թուրք քաղաքակիրթ կերպով քննարկում են այդ անհերքելի պատմական իրողությունը»,- ընդգծեց նա:

Դերասանուհին նշեց, որ երբ Հրանտ Դինքը սպանվեց, և 200 հազար թուրքեր դուրս եկան փողոցներ` վանկարկելով «Մենք բոլորս Դինք ենք», ինքը կարծում էր, թե «այդ օրը նման բան ասելը շատ հեշտ է»: «Բայց անցավ ժամանակ, և ես հասկացա, որ դրանով այդ թուրքերը պատասխանատվություն են ստանձնում շարժվելու առաջ, նրանք պատրաստակամություն են հայտնում շարունակելու Դինքի առաքելությունը»,- ասաց Արսինեն: