4 մարտի 2005 - 18:21 AMT
ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱՊՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՉ ՖՈՐՄԱԼ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ
Մայիսի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ գագաթնաժողովը` Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 60-ամյակի տոնակատարությունների առիթով: Այդ մասին այսօր լրագրողներին է տեղեկացրել ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ, ԱՊՀ գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն, որը աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում մարտի 2-ից, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Նշենք, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի ինչպես գագաթնաժողովին, այնպես էլ` Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք բուն տոնակատարություններին: Այսօր Երեւանում կայացել է Ռուշայլոի հանդիպումը Մեծ Հայրենական պատերազմի վետերանների եւ թիկունքի աշխատավորների հետ: Ավելի վաղ, ինչպես հաղորդել է ինքը գործադիր քարտուղարը, նման հանդիպումներ տեղի են ունեցել Բելառուսում եւ Տաջիկստանում: Նա հիշեցրել է, որ ԱՊՀ պետությունների սեպտեմբերյան գագաթնաժողովի ընթացքում հաստատվել է ՄՀՊ-ում տարած հաղթանակի 60-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը: Բացի այդ, Ռուշայլոի խոսքերով, օգոստոսի երրոդ տասնօրյակում կկայանա ԱՊՀ պետությունների ղեկավարների պլանային գագաթնաժողովը արդեն Կազանում: Ռուսական կողմը առաջարկել է այնտեղ անցկացնել այդ միջոցառումը, քանի որ Կազանը այս տարի տոնում է իր 1000-ամյակը: ԱՊՀ Գործադիր քարտուղարը տեղեկացրել է նաեւ, որ մինչ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը մարտի 18-ին Մինսկում սպասվում է արտգործնախարարների խորհրդի նիստը, իսկ ապրիլի 29-ին Թբիլիսիյում տեղի կունենա ԱՊՀ երկրների Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը: