4 մարտի 2005 - 19:29 AMT
ՄԱՐՏԻ 7-9-Ը ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԼԱՏՎԻԱՅԻ ՍԵՅՄԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Մարտի 7-9-ը Հայաստան կժամանի Լատվիայի սեյմի պատվիրակությունը` խորհրդարանի նախագահ Ինգրիդ Ուդրեի գլխավորությամբ, տեղեկացնում է Հայաստանի Ազգային Ժողովի մամուլի ծառայությունը: Լատվիական պատվիրակությունը Հայաստան կժամանի Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանի հրավերով: Մարտի 7-ին կկայանա Սեյմի ներկայացուցիչների հանդիպումը Արթուր Բաղդասարյանի, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի եւ Հայաստան-Լատվիա խորհրդարանական խմբի անդամների հետ: Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Բացի այդ, Լատվիայի պատվիրակության անդամները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում պսակ կդնեն մեծ եղեռնի զոհերի հիշատակին: